Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Քաղաքացիական պայմանագիր»՝ շրջադարձ 180 աստիճանով

«Քաղաքացիական պայմանագիր»՝ շրջադարձ 180 աստիճանով
31.10.2016 | 11:57

Հոկտեմբերի 30-ին խոստացած համագումարն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք հանրությանը տալիս ենք ուղիղ ուղերձ, որ մենք մի գյուղապետի, ավագանու մի քանի անդամների կուսակցություն չենք: Մենք կուսակցություն ենք, որ Հայաստանի քաղաքացիներին խոստացել է, որ իրենից կախված ամեն ինչ անելու է Հայաստանում օրինական, չկոռումպացված, ոչ թալանչի իշխանություն հաստատելու համար, և մենք արել ենք սա ցույց տալու, որ հանուն էդ խնդրի մեզ պետք է նոր կոնսոլիդացիա»:

Կոնսոլիդացիա՝ կախարդական բառը առավել քան զարմանալի էր լսել Նիկոլ Փաշինյանից: Ամռանը նա հայտարարում էր, որ միայն ՔՊ-ն է ընդդիմադիր կուսակցություն: ՔՊ-ն միակ ընդդիմադիր կուսակցությունն է, որ միայնակ էլ գնալու է ընտրությունների: Ամառն անցավ, աշնան վերջին Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ պետք է կոնսոլիդացիա, ավելին՝ «Մենք էստեղ չունենք որևէ նախապայման՝ ոչ անձնային, ոչ իրավաբանական, ոչ անվան, ոչ ազգանվան: Մենք պատրաստ ենք հնարավոր գաղափարական, գաղափարապես մոտիկ ուժերի հետ քննարկել մեկ կուսակցություն դառնալու հեռանկարը: Մեր ամբիցիաները վերանձնային են, վերխմբային են, վերկուսակցական են»: Սա շատ ավելի կտրուկ շրջադարձ է, քան նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հանկարծակի ընդդիմադիր դառնալն ու կուսակցություն ստեղծելու և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նրան միանալու ցանկությունը, որը դեռ չի բարձրաձայնվել: Փաստորեն կա կախարդական փայտիկ, որ անտեսանելի է, բայց մեկ էլ տեսար՝ դիպչում է ինչ-որ մեկին ու նա լրիվ փոխում է տեսակետները: Գուցե մինչև ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիրը» հասցնի հասարակության հետ քաղաքական պայմանագիր կնքել:


«ՔՊ»-ն ընտրեց նոր վարչություն՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Վարչության 13 անդամներն են Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Հովիկ Աղազարյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Գարիկ Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը, Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Վահագն Հովակիմյանը, Տիգրան Ավինյանը և Զարուհի Բաթոյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում «Կարելի՞ է ձեր հայտարարությունները համարել միավորման գործընթացի սկիզբ» հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք արդեն աշխատանքային ֆորմատներում կքննարկենք, թե իրենք ինչ նկատի ունեն, մենք ինչ նկատի ունենք համագործակցություն ասելով, և ըստ այդմ կառաջնորդվենք»:


Համագումարը ՔՊ-ինն էր, բայց ամենաքաղաքականը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքն էր: «Եթե մենք իրական փոփոխություն ենք ուզում, շատ ավելի կարևոր է դառնում իրական և կեղծ ընդդիմության տարանջատումը: Տեսեք՝ ինչ են անում իշխանությունները՝ վերակենդանացնելով նոր ու նոր ոչ իշխանական ուժերի, հաճախորդների, ու էստեղ իրենց հաղթելը շատ ավելի դժվար է լինելու: Հետևաբար, իմ խորին համոզմամբ, էսօր համար մեկ խնդիրը քաղաքական թիմերի իրական ընդդիմության միավորման մեջ է լինելու»՝ ասաց «Հանրապետության» նախագահը: Նրա կարծիքով՝ «Այս իշխանությունները վստահաբար սահմանադրական փոփոխություններն արեցին՝ իրենց իշխանությունը երկարաձգելու համար, բայց այս անգամ իրենք չարաչար սխալվեցին, այս անգամ, իրենց լեզվով ասած, խիարը թարս է աճել»: Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններում քաղաքական կուսակցությունները ներկայացնելու են իրենց ծրագրերը և այդ ծրագրերում ներառված առաջին համարին դիտելու են որպես պետության առաջին դեմք: Իսկ այդ առաջին համարները, անկախ նրանից, թե ինչքանով են իշխանությունների ազդեցության տակ, կամ ինչքանով են բեղ ու մորուք, անուն ու ազգանուն փոխել, ստիպված են լինելու քվեներ հավաքելու համար քննադատել երկրի առաջին դեմքին: «ՈՒ դրանով այս ընտրություններն ունենալու են նախագահական ընտրությունների բնույթ: Ցուցակներում ներգրավված մնացած անդամները տեղերում առաջադրելու են իրենց թեկնածությունները և պայքարելու են ցուցակի առաջին համարին հաղթանակ ապահովելու համար և իրենք տեղերում հաղթելու համար: Եվ այս առումով այս ընտրությունները նաև խորհրդարանական բնույթ են ունենալու»: Եթե ընտրությունները տեղի ունենան արդար ու ազնիվ, իրենք կշնորհավորեն հաղթողին, կսեղմեն ձեռքն ու կգնան տուն: Բայց եթե իշխանություններն իրենց սովորության համաձայն թիվ կրակեն, խփեն այն, ինչ ուզում են, այդ ժամանակ տեղերում առաջադրված բոլոր թեկնածուներն իրենց ազգուտակով, իրենց բարեկամներով, իրենց շտաբներով գալու են Ազատության հրապարակ՝ «ՈՒ մենք էնտեղ ենք լինելու, այդ հետընտրական պրոցեսը լինելու է: Եվ նրանց չի խանգարելու այն հանգամանքը, որ իրենց լիդերների մի մասը կարող է Սերժ Սարգսյանի հետ նորից շամպայն խմել: Եվ այդ ժամանակ նորից հարթակում են հայտնվելու սկզբում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, վերջում նաև ՀՀԿ տոմսեր հանձնողներն ու այդ տոմսերը պատռողները: Այսպիսին եմ ես տեսնում առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Ցավոք սրտի, համոզված եմ, որ իշխանությունները հետևություններ չեն անում, որովհետև իրենք եթե գնում են սահմանադրական փոփոխությունների անգամ՝ իրենց իշխանությունը պահելու համար, նշանակում է ոչնչի առաջ կանգ չեն առնի»:

Դիտվել է՝ 1090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ